haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հունիս » 20 » ԱՐՁԱԿ
06:59
ԱՐՁԱԿ

ԱՆԺԵԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 ՄԱՄ…ՄԻ ԱՐԱ…

 

Մութ էր…Լռության մեջ սրտի զարկերն անհաջող երգ էին հիշեցնում…Նա սկսեց ավելի արագ վազել: Չէր նկատում անընդհատ ոտքերի տակ ընկնող սուր քարերը, որոնք վերքեր էին պատճառում նուրբ մաշկին…Փոքրիկի ձայնը սպանում էր: Ցավի շնչով վարակված մանկան լացի նոտաները` կախված օդում, կարծես հետևում էին նրան, սպառնում երբեք բաց չթողել հիշողությունը… Քայլերն արագացնում էր, որպեսզի չլսեր, մոռանար, վերջապես հեռանար այդ անիծյալ վայրից… Ո՞վ կարող էր իրեն ստիպել դիմել այս քայլին, ոչ ոք… Չէ, ինքն է մեղավոր, միայն ինքը: Թույլ է…չկարողացավ պաշտպանել իր աշխարհը… Այն աշխարհը, որը միայն իրեն էր նվիրված չգիտես էլ թե որ արժանիքի համար` լքեց…թողեց անտեր, թողեց, որ մեռնի…Շուրջ բոլորը պտտվում էր, օդը հագեցած էր մուգ թույնով, որը հետզհետե սպառնում էր հասցնել խելագարության…Երիտասարդ մարմինը ցնցվում էր անծանոթ զգացմունքներից: Հանկարծ ձեռքերով բռնեց գլուխն ու վայր ընկավ: Երեխայի ճիչը ծակում էր լռությունն ու ցավեցնում մարմինն ու հոգին…Աղջիկը տանջվում էր…«Դեռ ուշ չէ, դեռ կարող է ետ գնալ, վերցնել նրան, գրկել, շոյել, ախր…իր մասնիկն է, իր կյանքը, իր երեխան…»: Փակեց աչքերը: Անգույն ու համր ֆիլմի կադրերի պես հիշողություններն առաջ եկան: Ահա դուրս եկավ տանից, գրկում` երեխան…Ինքն էլ չհասկացավ ինչպես հասավ այստեղ: «Շատ ցուրտ է, երեխան հաստատ մրսում է »: Փոքրիկին դրեց գետնին…ինչու՞ գետնին, որ էլ ավելի ստոր և դատապարտելի լինի իր արարքը…որ ամբողջ կյանքում երեխայի անհոգ, ոչինչ չկասկածող, մոտալուտ վախճանը չզգացող դե՞մքը հիշի անմիջապես…Այնուամենայնիվ, մի փոքր ցրեց թափված տերևներն ու երեխայի զամբյուղն իջեցրեց գետնին: Հետո նստեց կողքին ու նայում էր. երեխան քնել էր…Նա այնքան հանգիստ էր շնչում` բնազդորեն զգալով, որ ապահով է, մայրը կողքին է…
Վազու՞մ էր, թե պառկած է: Լացու՞մ է երեխան, թե լռության մեջ տերևներն են աղմկում…Անգամ ծառերը աչքերը չռած հետևում էին նրա վազքին, և ծանր շնչառության ամեն մասնիկում քամին իր բաժին թույնն էր առաքում` վրեժ լուծելով ամենամեծ պարգևը չգնահատած անշնորհակալ մարդկային էակից… Ձեռքը դրեց կրծքին. սիրտը չէր զարկում: Վախեցած վեր թռավ, խենթի պես շուրջ բոլորն էր նայում` կարծես փնտրելով իր զարկերակը…«Մամ …»: Թվա՞ց: Իհարկե թվաց…Ինքն արդեն շատ հեռու է, հեռու երեխայից, հեռու այն խնդրից, որը մի քանի ամիս շարունակ հանգիստ չէր տալիս…Չէ, չէր կարող, — փորձում էր արդարացնել ինքն իրեն, — բոլորը կմեղադրեին, միևնույն է, մենակ չէր կարողանա պահել…այսպես ավելի ճիշտ է…«Մամ…»…Չէ, չի լսում…Ոչինչ չկա, մտքերն են, կանցնեն, ժամանակ է պետք ուղղակի…Պետք է հիշել. ԵՍ ՍՏԻՊՎԱԾ ԷԻ…« Մամ, ես ապրել եմ ուզում »…Չէ…իր բալեն էր…Այն ինչ էր ուզում անել, Աստված…Իր բալեն, իր աշխարհը…Սկսեց ետ վազել` չնկատելով անընդհատ ոտքերի տակ ընկնող սուր քարերը, որոնք ցավոտ վերքեր էին պատճառում նուրբ մաշկին: Ամեն բան մոռանալով ` նա վազում էր, չէր զգում անգամ դեմքին հարվածող քամու հայհոյանքները, որը կարծես չարախնդում էր` թույլ չտալով սխալը ուղղել…Մտքում մի բան էր. « Միայն թե հասցնեմ, միայն թե հասցնեմ…»:

¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨¨
Պայծառ լույսը կուրացնում էր…Աղջիկը բացեց աչքերը: Բուժքույրն ինչ-որ գրառումներ էր անում:
— Արթնացա՞ր: Շուտով քո հերթն է: Հիմա բժիշկը կգա ու կսկսենք: .

Լույս էր… Լռության մեջ սրտի զարկերը երգում էին: Նա վազում էր սալիկապատ հատակով` ձեռքերով արդեն ձևավորվող փորիկը գրկած. — » Կապրես, բալես «: Հասցրե՛ց, հասցրե՛ց…

Просмотров: 100019 | Добавил: ----- | Рейтинг: 0.4/9
Всего комментариев: 0