haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ [ Добавить статью ]

Ատամնաքարի առաջացման պատճառներն ու դրանք կանխարգելելու միջոցները
Դարչնագույն կրային նստվածք է, որ ավելի հաճախ գոյանում է ստորին կտրիչների ներքին մակերեսին: Չնայած այն հանգամանքին, որ կիրը սպիտակ գույնի է, ատամնաքարը բավականին մուգ է: Պատճառն այն է, որ բացի կալցիումի աղերից, այն բաղկացած է սննդի մնացորդներից, մեռած բջիջներից, մանրէներից, ֆոսֆորի, երկաթի աղերից և այլ նյութերից: Ատամնաքարը կարող է ի հայտ գալ, եթե մարդը ա) երբեք չի մաքրում ատամները, մոռանում է պարբերաբար մաքրել (առավոտյան և երեկոյան) կամ էլ ոչ ճիշտ եղանակով է մաքրում, բ) օգտագործում է ատամի ոչ որակյալ մածուկ և խոզանակ, գ) միայն փափուկ սնունդ է ընդունում, դ) տառապում է նյութափոխանակության և առաջին հերթին աղային խանգարումով: Ատամնաքարի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև ատամների անբավարար հարթ մակերեսը և դրանց անկանոն դասավորվածությունը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում. Ատամները մաքրելուց 1-2 ժամ անց արդեն սկսում է ատամնափառ գոյանալ, որի զարգացման առաջին փուլում, իսկ ավելի ճիշտ` 12 ժամ անց միկրոօրգանիզմները սկսում են իրենց ''քայքայիչ աշխատանքը''. ածխաջրերից գոյացնում են ատամի մակերեսին ամուր կպած կարծր կաղապար: Գոյանում է բավականին կայուն ատամնային կուտակ: Մանրէների ներգործությամբ (գնդամանրէներ, կաթնացուպիկներ) սկսում է գոյանալ թթու, որը նպաստում է ատամնափուտի զարգացմանը: Մանրէները բազմանում են, իսկ ատամնային կուտակն աճում և խորանում է լնդային ակոսիկի մեջ: Շարունակ խտացող ատամնային կուտակը ձեռք է բերում դեղնավուն երանգ: Որքան ատամնային կուտակը խտանում է և ավելի ու ավելի խորանում լինում լնդային ակոսիկի մեջ, այնքան նվազում և ի վերջո դադարում է այդ նյութի ներսը թթվածնի ներթափանցումը, որը հանգեցնում է անօդակյաց (անաէրոբ) մանրէների ձևերի առավել զարգացմանը: Ատամնափառն անցնում է իր զարգացման երկրորդ և երրորդ փուլերին, որի ընթացքում արդեն սկսվում է լնդերի բորոբոքումը: Ատամնափառը գոյանում է բոլոր ատամների վրա, բայց ավելի հաճախ առավել կայուն ձևեր է ընդունում մեծ թքագեղձերի մերձակայքում (ստորին ծնոտի կենտրոնական ատամնախմբի լեզվային մակերևույթ): Թուքը, իր մեջ պարունակած հանքանյութերի շնորհիվ, սովորաբար բարերար ներգործություն է ունենում ատամի վրա, տվյալ դեպքում չհասնելով ատամին` ներգործում է ատամնափառի վրա, որը հանքանյութերի ազդեցությամբ աստիճանաբար մգանում և բարձրանում է` վերածվելով ատամնաքարի, որի դեմ ատամի խոզանակն անզոր է: Մեծամասամբ քարը գոյանում է ատամի վզիկին հարակից լնդի մոտ և խոզանակի համար ''դժվարահաս'' տեղամասերում: Ատամնաքարը տեղակայվում է լնդի եզրին ու ատամի մակերեսի միջև և շարունակ նոր փառ է առաջացնում: Բազում մանրէներ պարունակող ատամնափառը մերձակա լնդային տեղամասերում առաջացնում է բորբոքում: Զարգանում է լնդաբորբ (գինգիվիտ), բորբոքված լինդը թեթևակի հպումից սկսում է արյունահոսել: Թքի մշակման մասշտաբի մեծացման արդյունքում տեղի է ունենուն ատամնաքարի հետագա նստվածքագոյացում: Այն տեղերում, ուր ատամի մակերեսը ծածկված է կարծրացած նստվածքներով, ատամի հենման ապարատի հյուսվածքաթելերը մահանում են: Այդ հատվածներում անգործունյա դարձած ծնոտոսկրը ենթարկվում է քայքայման` գոյացնելով պարադոնտալ հիվանդագին գրպաններ: Ատամը շրջապատող բոլոր հյուսվածքներն աստիճանաբար վնասվում են` առաջացնելով հարգեղձաբորբ (պարադոնտիտ): Հարգեղձաբորբը ժամանակի ընթացքում խորանում է և ձեռք է բերում առավել վտանգավոր ձևեր: Ցավոք, քչերն են իրենց մտքով անցկացնում, թե ինչպիսի վնաս կարող են պատճառել միլիարդավոր հիվանդահարույց մանրէներ պարունակող ատամնային նստվածքները, թեպետ գաղտնիք չէ, որ վերին շնչուղիների հաճախակի հիվանդությունները, ստամոքսաղիքային համակարգի վարակները, արյան տարաբնույթ հիվանդություններն ուղղակիորեն կապված են բերանի խոռոչի տևական բորբոքումների (գինգիվիտ, պարադոնտիտ) հետ: Լնդի վրա ''բարձրացած'' ատամնաքարն անզեն աչքով իսկ տեսանելի է, բայց լնդի ներսում ձևավորված քարը կարող է տեսնել միայն ատամնաբույժը, այն էլ հատուկ սարքավորումների օգնությամբ: Որպեսզի կասկած իսկ չմնա, որ ձեր ատամների վիճակը խնդրահարույց է, հետևյալ փորձը կատարեք: Վերցրեք բամբակյա վիրախծուծ, թաթախեք այն յոդի լուծույթի մեջ և դրանով շփեք բոլոր ատամները (լնդին մոտ հատվածում): Այս գործողության արդյունքում, առկա ատամնափառն ատամնաքարերի հետ, ինչպես լուսանկարը թղթի վրա, կհայտածվի: Կարծիք կա, թե առողջ ատամները պարտադիր չէ ամեն օր մաքրել: Դա ճիշտ չէ, որովհետև սնունդ ընդունելուց երկու ժամ անց արդեն ատամներին փափուկ նստվածք է գոյանում: Եթե այն 12 ժամվա ընթացքում չհեռացվի, ապա նստվածքի տեղում կսկսի ատամնաքար գոյանալ: Ատամնաքարը կարող է հանգեցնել լնդերի բորբոքման, ատամների շարժունության մեծացման և բերանից տհաճ հոտի արձակման: Բացի այդ, այն նպաստում է ատամնափուտի առաջացմանը: Ամբողջ կյանքի ընթացքում ատամներն ու լնդերն առողջ պահելու ամենահասարակ եղանակը չծուլանալն ու ատամները կանոնավոր (օրը 2 անգամ) մաքրելն է, հատուկ հեղուկներով բերանի խոռոչը ողողելն ու ատամի թելով ատամների միջակայքը մաքրելն է: Բերանի խոռոչի հիգիենան կարող է առավել արդյունավետ լինել, եթե ատամի մածուկի, խոզանակի, թելի և ողողման հեղուկի ընտրություն կատարելիս խորհրդակցեք ստոմատոլոգի հետ: Անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հետ մեկտեղ անհրաժեշտ է (տարին առնվազն երկու անգամ) այցելել ստոմատոլոգին` կանխարգելիչ զննման և ատամնաքարի հեռացման համար: Մի՛ հետաձգեք այդ այցը նույնիսկ այն դեպքում, եթե անհանգստացնող ոչ մի նշան չկա: Ատամների և լնդերի ցանկացած հիվանդագին երևույթի կանխումը վաղ փուլում անհամեմատ հեշտ և էժան է լինում: Ատամնափուտի կանխարգելումը պետք է սկսել մանկական տարիքից: Ներկայում ստոմատոլոգները մշակել են մեթոդներ, որոնք թույլ են տալիս զգալիորեն նվազեցնել երեխաների ատամնափուտի զարգացման հավանականությունը: Մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում լայնորեն կիրառվում է ատամների փոսիկների կնքման մեթոդը: Այն խորհուրդ է տրվում իրականացնել սեղանատամները ծկլթելու պահից ի վեր, 1-1,5 տարվա ընթացքում: Կաթնատամների ատամնափուտի կանխարգելման ու բուժման համար կատարվում է ատամների արծաթացում: Այս մեթոդը, ատամնալիցքի համեմատ, առավել խնայող ներգործություն ունի: Դրա թերությունն այն է, որ արծաթացված ատամիկը մուգ երանգ է ձեռք բերում: Թարգմանությունը` Հ. Մելիքյանի

Источник: http://Mamul.am
Категория: ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Добавил: (11.07.2016) | Автор: Հ.Մելիքյան տեղադրող՝ Ե.Արիստակեսյան
Просмотров: 1206 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։